Ռուսները պնդում են, թե ըստ իրենց հայթայթած գաղտնի ուկրաինական փաստաթղթերի, Ուկրաինան, իբր, մտադիր էր այս ամսվա ընթացքում հարձակվել Դոնբասի շրջանի վրա:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է 6-էջանոց փաստաթուղթ, որում շարադրված է ենթադրյալ հարձակման ծրագիրը:
«Ռուսաստանի զինծառայողները հատուկ օպերացիայի ընթացքում գտել են Ուկրաինայի ազգային գվարդիայի գաղտնի փաստաթուղթը, որը վկայում է, որ Կիևը պատրաստվում էր մարտ ամսվա ընթացքում հարձակվել Դոնբասի վրա», – ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Ռուսաստանը կտրականապես խուսափում է Ուկրաինայի վրա հարձակումը «պատերազմ» անվանելուց և սպառնում է պատժել բոլոր նրանց, ովքեր Ռուսաստանի տարածքում կհամարձակվեն այդ եզրույթն օգտագործել: Պաշտոնական Մոսկվան այդ պատերազմն անվանում է «հատուկ օպերացիա»: