Ուկրաինայում պատերազմի 14-րդ օրն է։ Կիևից առավոտյան տեղեկություններ էին ստացվում մայրաքաղաքում ուժեղ պայթյունների մասին։ Ուկրաինական ալիքները հաղորդում են, որ Կիևում, Չեռնիգովի և Ժիտոմիրի շրջաններում, ինչպես նաև Կիևի մոտակայքում գտնվող Վասիլկով քաղաքում օդային տագնապ էր հայտարարվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Կիևում պայթյուններ հնչելուց անմիջապես հետո հայտարարեց, որ պատրաստ է Ուկրաինայի ժամանակով առավոտյան ժամը 9-ից պահպանել լռության ռեժիմ։ Սա նշանակում է, որ մարդասիրական միջանցքները կշարունակեն աշխատել Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից խաղաղ բնակիչների տարհանման համար։
Ուկրաինայի իշխանություններին նախօրեին հաջողվել է Սումիից տարհանել 5 հազար մարդու՝ դա առաջին հաջող զանգվածային տարհանումն էր։ Սումին շրջապատված է ռուսական զորքերով։ Բնակիչները տարհանվել են մարդասիրական միջանցքով, որի շուրջ կողմերը պայմանավորվել էին անցած շաբաթ։ Ավտոբուսները սկսել էին մեկնել Պոլտավա երեկ առավոտից։
1100 օտարերկրացի ուսանողի Սումիից առանձին գնացքով տարհանել են Լվով։