Ռուսական կողմը Կիևին կոնկրետ առաջարկներ է փոխանցել հակամարտության կարգավորման համար․ Լավրով

Loading...

Եռակողմ հանդիպմանը ռուսական կողմը հակամարտության կարգավորման կոնկրետ առաջարկներ է ներկայացրել Կիևին, որը ուկրաինական կողմը վերցրել է լրամշակման և կպատասխանի դրանց, Անթալիայում հրավիրած մամուլի ասուլիսում հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Այսօր պարզ դարձավ, որ բանակցային գործընթացին այլընտրանք չկա,- ըստ «Անադոլու» գործակալության` ասել է Լավրովը` հավելելով, — Ուկրաինայի արտգործնախարարի հետ բանակցություններում ոչ ոք չէր պատրաստվում պայմանավորվել հրադադարի շուրջ»։

Նա կրկնել է Մոսկվայի հայտնի պահանջները, թե Ուկրաինան չեզոք կարգավիճակ ունենա։ «Մենք դեմ ենք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, սակայն չենք հերքում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը։ Միակ բանը, որն Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայից՝ այն է, որ Կիևը միշտ գործի Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինան տեսնել ապառազմականացված, բարեկամական, առանց ռուսաց լեզի արգելքի», — նշել է նախարարը։

Լավրովը շարունակել է մեղադրել ու սպառնալ Արևմուտքին` ասելով, թե նրանք, ովքեր զենք են ուղարկում Ուկրաինա, իրենց գործողությունների համար պատասխանատվություն են կրում։ «Արևմտյան երկրները գործում են վտանգավոր, մահաբեր զենք տրամադրելով Ուկրաինային։ Բոլորը պատասխան կտան, ովքեր խրախուսում են վարձկաններին»։

Նա նաև ասել է, թե Ռուսաստանին անհանգստացնում են հաղորդումները, որ Պենտագոնը Ուկրաինայի տարածքում ռազմական նպատակներով կենսաբանական տասնյակ լաբորատորիաներ է ստեղծել, և այդ կապակցությամբ հարցերի պատասխանների կարիք ունեն։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Ուկրաինայի տարածքում Պենտագոնի հետ համատեղ ծրագրերի շրջանակում գործում են 30 կենսալաբորատորիաներ, որոնք, ըստ ՌԴ ռազմական գերատեսչության, աշխատել են վտանգավոր վարակների հարուցիչների հետ։

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Սակին հերքել էր այդ պնդումները` ասելով, որ այդ հայտարարությունները «ապատեղեկատվական օպերացիա» են։

Նա նաև նախազգուշացրել է, որ Ռուսաստանը կարող է քիմիական կամ կենսաբանական զենք կիրառել Ուկրաինայում։

Անթալիայի ասուլիսում անդրադառնալով Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման հնարավորությանը` Լավրովն ասել է, թե Վլադիմիր Պուտինը չի խուսափում շփումներից, բայց չեն ցանկանում, որ «բանակցություններ լինեն հանուն բանակցությունների»։ Նա ասել է, որ հարցը քննարկել է Դմիտրի Կուլեբայի հետ և հավելել, թե Պուտինը չի հրաժարվում Զելենսկու հետ հանդիպել. «Երբևէ այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ»,- նկատել է նա։

Ռուսաստանի հանդեպ սահմանված պատժամիջոցների մասին Լավրովն ասել է, որ Ռուսաստանի ժողովուրդը որոշակի դժվարություններ է կրում, հուսով են` ճգնաժամային իրավիճակից դուրս գալ նվազագույն վնասներով։

Նա նշել է, որ պատժամիջոցների հարցում Վաշինգտոնը փորձում է ազդել նույնիսկ Պեկինի վրա։

Լավրովի խոսքերով` նավթի ու գազի մատակարարումները Ռուսաստանը երբեք չի փորձել որպես զենք օգտագործել։

Եզրափակելով ասուլիսը՝ ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, թե չի հավատում, որ ատոմային պատերազմ կսկսվի։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button