Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 14 միլիարդ դոլարի ֆինանսական օգնության տրամադրմանը։
Այդ գումարից մոտ 6,5 միլիարդը նախատեսվում է հատկացնել Պենտագոնին՝ Ուկրաինային ռազմական օգնության համար, իսկ մնացածը՝ մարդասիրական և տնտեսական օգնության նպատակով՝ այլ գերատեսչությունների։
Այժմ փաթեթը պետք է հաստատի Սենատը, ինչից հետո այն կուղարկվի նախագահ Ջո Բայդենի սեղանին։ Չորեքշաբթի օրը Սպիտակ տունը հայտարարել է, որ Բայդենը կստորագրի նախաձեռնությունը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։
Ինչպես հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, զրուցակիցները քննարկել են Ուկրաինային լրացուցիչ օգնություն և մարդասիրական աջակցություն ցուցաբերելու հարցը, նաև պատերազմը դադարեցնելու շարունակական դիվանագիտական ջանքերը:
Պետքարտուղարը վերահաստատել է աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։