Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը երեկ հայտնել է, որ Ռուսաստանը չի մասնակցի Եվրոպայի խորհրդի հետագա գործունեությանը: Մոսկվան այդ քայլը բացատրում է Արևմուտքի գործողություններով:
«Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական տրամադրված Եվրամիության և ՆԱՏՕ-ի պետությունները, չարաշահելով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում իրենց բացարձակ մեծամասնությունը, շարունակում են Եվրոպայի խորհրդի և Եվրոպայի մարդասիրական-իրավական ընդհանուր տարածքը քայքայելու քաղաքական կուրսը: Ռուսաստանը չի ցանկանում մասնակցել ՆԱՏՕ-ականների ջանքերով եվրոպական այդ հնագույն կազմակերպությունն արևմտյան գերակայության մասին հմայական խոսքեր արտասանելու և ինքնազմայլումի հարթակ դարձնելուն»,- ասվում է ԱԳՆ-ի հաղորդգրությունում:
Ավելի ուշ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ Եվրոպայի խորհրդից դուրս գալը նշանակում է դուրս գալ նաև դրա բոլոր գործող մեխանիզմներից:
Եվրոպայի խորհրդից երկրի դուրս գալը կարգավորվում է կանոնադրության 7-րդ հոդվածով:
Անդամության դադարեցումն ուժի մեջ է մտնում ընթացիկ ֆինանսական տարվա ավարտի հաջորդ օրը, եթե դիմումը ներկայացվել է տվյալ տարվա առաջին 9-ն ամիսների ընթացքում:
Դա նշանակում է, որ Ռուսաստանը մինչև 2022 թվականի ավարտ տեխնիկապես հանդիսանալու է Եվրոպայի խորհրդի անդամ: Այդ հանգամանքը պարզաբանել է Ռուսաստանի խորհրդարանի վերջին պալատի՝ Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը:
Երբ ուժի մեջ մտնի կառույցից դուրս գալու որոշումը՝ Ռուսաստանի քաղաքացիներն այլևս չեն ունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորություն:
«ՄԻԵԴ դիմելու փոխարեն մեր քաղաքացիները պետք է պաշտպանություն որոնեն մեր դատարաններում, Ռուսաստանի ազգային իրավասության շրջանակներում, այդ թվում՝ Սահմանադրական դատարանում»,- ասել է Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության և պետականաշինության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասը:
Ռուսաստանը Եվրոպայի խորհրդից դորս է գալիս Ուկրաինայի վրա հարձակվելու հետո աննախադեպ քննադատության և սանկցիաների ենթարկվելկու հետևանքով:
Եվրոպայի խորհուրդը Հին մայրցամաքի միջպետական հնագույն կազմակերպությունն է, այն ստեղծվել է 1949 թվականին:
Կառույցի հիմնական նպատակը եվրոպական երկրների համագործակցությունն է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Ռուսաստանը Եվրոպայի խորհրդին անդամակցել է 1996 թվականին: