Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը պահանջում է ձերբակալել Հարավային Օսիայի նախկին երեք պաշտոնյաների, որոնք կարող էին առնչություն ունենալ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ընթացքում տեղի ունեցած հանցագործություններին։
Դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը նախօրեին տեղեկացրել է, որ ձերբակալության օրդերները հաստատելու խնդրանքով դիմել է դատավորներին։ Հստակ չէ, սակայն, թե դատարանի կողմից այդ օրդերները հաստատվելու դեպքում ինչպես և ում կողմից է իրականացվելու ձերբակալությունը։
Քարիմ Խանի խոսքով՝ Հարավային Օսիայի ուժային կառույցների նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մասնավորապես կասկածվում են պատերազմի ընթացքում վրացի խաղաղ բնակիչների անօրինական կալանքների, դաժան վերաբերմունքի, պատանդ վերցնելու և հետագայում ապօրինի տեղափոխման մեջ։
Հաագայի դատարանի գլխավոր դատախազը նաև նշում է, որ հետաքննությունը բացահայտել է Ռուսաստանի զինված ուժերի գեներալ-մայոր և օդադեսանտային ուժերի հրամանատարի տեղակալ Վյաչեսլավ Բորիսովի ենթադրյալ դերը։ Նա, ըստ քննիչների, դիտավորյալ նպաստել է վերը նշված որոշ հանցագործությունների կատարմանը։
Բորիսովը մահացել է 2021 թվականին։