Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել, եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի և իրագործի ստանձնած պարտավորությունները, այսօր հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։
«Նախագահ Ալիևը բազմիցս է հայտարարել, որ մենք աջակցում ենք հաղորդակցության ուղիների բացումն ու եռակողմ համաձայնությունների լիակատար ու անընդմեջ իրագործումը»,- ասել է Խակաֆովը, ընդգծելով՝ Բաքվի համար առաջնային է երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհի բացումը մինչև Նախիջևան։
«Եթե Հայաստանը քաղաքական կամք ցուցաբերի, մենք պատրաստ ենք փակել հակամարտության էջը, ինչպես նաև խաղաղության համաձայնագիր ստորագրել՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար», – ասել է Խալաֆովը։
Ադրբեջանի փոխարտգործնախարարը միաժամանակ ընդգծել է, որ Բաքուն պատրաստ է նաև սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսել, բայց առանց որևէ նախապայմանի։
«Դրան զուգահեռ կարող է ընթանալ երկու երկրների հարաբերությունների կարգավորումն ու այլ կապերի վերականգնումը»,-ասել է փոխարտործնախարարը։
Երևանը պնդում է, թե սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է հայելային եղանակով ետ քաշել զորքերը, տեղում տեղակայել միջազգային դիտորդներ։ Բաքուն, մինչդեռ, պնդում է, թե գործընթացը պետք է իրականացվի առանց նախապայմանների։