Եվրամիության անդամ երկրների առաջնորդները համաձայնության չեն եկել Ուկրաինայի անդամակցության արագացված ընթացակարգի շուրջ։
Վերսալում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում եվրոպացի առաջնորդները փոխարենը պայմանավորվել են ավելացնել Ուկրաինային հատկացվող «մարդասիրական, բժշկական և ֆինանսական» օգնությունը, աջակցել փախստականներին, մեծացնել ճնշումը Ռուսաստանի և Բելառուսի վրա։
Դաշինքը Կիևին խոստանում է նաև պատերազմի ավարտից հետո «աջակցել ժողովրդավարական Ուկրաինայի վերականգնմանը»։
Ինչ վերաբերում է Կիևի՝ անդամակցության մասին դիմումին, ինչպես հայտարարել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն՝ գործընթացը ժամանակատար է, և ԵՄ-ին անդամակցելու արագացված ընթացակարգ չկա:
«Սա ապտակ կլինի Չեռնոգորիայի, Սերբիայի, Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համար, որոնք այսքան ժամանակ սպասում էին անդամակցության գործընթացին», – ասել է Նիդերլանդների առաջնորդը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել Եվրամիությանը արագացված կարգով անդամակցության գործընթաց սկսել Ուկրաինայի համար։ ԵՄ 8 երկրներ՝ հիմնականում նախկին սոցիալիստական ճամբարից, աջակցել են Ուկրաինայի անդամակցությանը։ ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր, որ «գործընթացը բարդ է լինելու, քանի որ կառույցի անդամների շարքում իրարամերժ տեսակետներ կան ընդարձակման հարցում»։