Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին կոչ է արել օգնել Մելիտոպոլի քաղաքապետի ազատ արձակմանը, որն ըստ պաշտոնական Կիևի` առևանգվել է ռուսական զորքերի կողմից:
«Մեր պահանջը պարզ է՝ նա պետք է անհապաղ ազատ արձակվի», – հայտարարել է Զելենսկին մարտի 12-ին հրապարակված տեսանյութում։
Ուկրաինական կողմի պաշտոնական աղբյուրների համաձայն` քաղաքապետ Իվան Ֆեդորովին մարտի 11-ին առևանգել են ռուս զինվորները, որոնք գրավել են երկրի հարավում գտնվող Մելիտոպոլի քաղաքը։
Նա «հրաժարվել է համագործակցել թշնամու հետ», պնդել է պաշտոնական Կիևը։ Ուկրաինացի պաշտոնյաները համացանցում միջադեպի տեսագրությունն էին տեղադրել. դրանում երևում է, թե ինչպես են դիմակավորված անձինք տղամարդուն դուրս բերում կառավարական շենքից։
Զելենսկին նշել է, որ 2000 ուկրաինացիներ մարտի 12-ին Մելիտոպոլում փողոց են դուրս եկել ընդդեմ ռուսական ներխուժման և իրենց քաղաքապետին ազատ արձակելու պահանջով։ Ռուսական ուժերը Մելիտոպոլը գրավել են փետրվարի 26-ին։