Անթալիայում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը:
Եռօրյա դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար Թուրքիա մեկնած Արարատ Միրզոյանը թուրք գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից առաջ, «Ազատության» աղբյուրի փոխանցմամբ, շփվել է նաև հայ-թուրքական բանակցություններում Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ, որը ևս մասնակցում է նախարարների հանդիպմանը:
Արարատ Միրզոյանի հետ միասին հանդիպմանը մասնակցում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը:
Անկարան գոհունակությամբ էր արձագանքել Միրզոյանի՝ Անթալիայի ֆորումին մասնակցելու որոշմանը՝ նշելով. «Նմանօրինակ փոխադարձ քայլերը կնպաստեն երկու երկրների միջև երկխոսության ընդլայնմանը և լիարժեք կարգավորման նպատակով վստահության բարձրացմանը միտված քայլերի քննարկմանը»:
Վերջին տասնամյակում Արարատ Միրզոյանը առաջին բարձրաստիճան հայ պաշտոնյան է, որ մեկնել է Թուրքիա: Նախորդ բարձաստիճան պաշտոնյան, որ եղել էր Թուրքիայում, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր` ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում։
Միրզոյանի հետ Անթալիա չի մեկնել հայ-թուրքական հարբերությունները կարգավորելու նպատակով հատուկ բանագնաց նշանակված Ռուբեն Ռուբինյանը։ Նա իր թուրք գործընկեր Սերդար Քըլըչի հետ մինչ օրս հասցրել է հանդիպել 2 անգամ։ Բանագնացների վերջին հանդիպումը անցյալ ամիս էր Վիեննայում, որից հետո կողմերը սակավախոս էին ձեռք բերված պայմանվորվածությունների վերաբերյալ, 2 երկրների արտգործնախարարությունները միայն հայտնեցին, որ կողմերը վերահաստատել են գործընթացը առանց նախապայմանների շարունակելու իրենց պատրաստակամությունը: