Այսօր վաղ առավոտյան ռուսական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Լվովի մարզում՝ Լեհաստանի սահմանին մոտ գտնվող ռազմաբազային։
Լվովի մարզային ռազմական ղեկավարության հայտարարության համաձայն՝ Յավորովի Խաղաղարության և անվտանգության միջազգային կենտրոնի տարածքի վրա, նախնական տվյալներով, արձակվել է 8 հրթիռ: Զոհվել է 9 զինծառայող, 57 մարդ վիրավորվել է, ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին։
Ռազմաբազան 360 քառակուսի կիլոմետր տարածք է զբաղեցնում և Լեհաստանի սահմանից հեռու է ընդամենը շուրջ 25 կիլոմետր, խոշորագույնն է Ուկրաինայի արևմուտքում։ Այստեղ Ուկրաինան անցկացնում է ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունների մեծ մասը։
Կոզիցկին հայտնել է նաև, որ ըստ նախնական տվյալների՝ հրթիռներն արձակվել են Ռուսաստանի տարածքից։
Նույնպես Ուկրաինայի արևմուտքում, ռուսական զինուժը օդային հարվածներ է հասցրել Իվանո-Ֆրանկովսկի օդանավակայանին։
Լվովի մարզում հասցրած հարվածներով ռուսաստանցիները ցանկանում են ապացուցել, որ Ուկրաինայում չկա ոչ մի հանգիստ ու անվտանգ կետ, հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Վադիմ Դենիսենկոն։
Փետրվարի 24-ին Ռուսաստանի սկսած ռազմական գործողությունները հիմնականում ծավալվում են Ուկրաինայի արևելքում և մասնավորապես հարավ-արևելքում։