Վահագն Խաչատրյանը Հայաստանի նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությունից և «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցից հետո, տիկնոջ՝ Անահիտ Մինասյանի հետ հյուրընկալվել է ՀՀ նախագահի նստավայրում:
Նախագահական պալատի մուտքի մոտ նրանց դիմավորել է ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը տիկնոջ՝ Մարիամ Մարգարյանի հետ։
Դիմավորմանը հաջորդած զրույցի ընթացքում Սիմոնյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Խաչատրյանին և հաջողություններ ու արդյունավետ աշխատանք մաղթել, հաղորդում է նախագահականը։
Խաչատրյանն ընդգծել է, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում երկրի նախագահի պաշտոնը և իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է բացառապես համապետական և համազգային շահերով, ասված է նախագահականի հաղորդագրությունում։
Զրույցի ավարտին նրանք շրջել են նախագահական նստավայրի տարածքում։