Հայաստանի հինգերորդ նախագահ Վահագն Խաչատրյանն այսօր պաշտոնապես ստանձնեց լիազորությունները։
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կեսօրից քիչ անց մեկնարկած Ազգային ժողովի հատուկ նիստում երդմնակալության արարողության ժամանակ նորընտիր նախագահը երդվեց․ – «Ստանձնելով Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական և համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»։
Այնուհետև օրհնության խոսքով հանդես եկավ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, ապա ելույթ ունեցավ Հայաստանի նախագահը։
62-ամյա Վահագն Խաչատրյանը մասնագիտությամբ տնտեսագետ է։ Նիկոլ Փաշինյանի կաբինետում անցած տարվա օգոստոսից զբաղեցրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը, որից ազատվեց երկու օր առաջ։ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին եղել է Երևանի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր։ 2000-ականների սկզբից քաղաքացիական ու քաղաքական գործունեություն է ծավալել` լինելով նաև առաջին նախագահի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի անդամ։
Չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց հունվարի 23-ին։
Իշխանությանը միայն արտահերթ ընտրությունների երկրորդ փուլով հաջողվեց ընտրել իր իսկ առաջադրած թեկնածուին։ Երկու փուլերի ժամանակ էլ խորհրդարանի դահլիճում միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն էին՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտում էին նախագահի ընտրության թե՛ քննարկումը, թե՛ քվեարկությունը։
Ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին նաև նախագահի երդմնակալության արարողությունը։