Հովիկ Աբրահամյանի գույքի վաճառքը` դատախազության ու Հակակոռուպցիոն կոմիտեի միջև վեճի առարկա

Loading...

Հակակոռուպցիոն կոմիտեն ու Գլխավոր դատախազությունը պարզաբանումներ ու մեղադրանքներ են ներկայացրել միմյանց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Մոնումենտում կառուցած շքեղ առանձնատան վաճառքի վերաբերյալ:

ՀԿ պարզաբանումը Երևան առաջին ատյանի դատարանի որոշումը կատարելու վերաբերյալ հակասում է իր իսկ վարույթում գտնվող բազմաթիվ այլ գործերով ՀԿ դրսևորված իրավական դիրքորոշմանը, հայտարարել է Գլխավոր դատախազությունը:

«Տարբերակված մոտեցման մասին վկայող իրողություններն առաջացնում են գույքի օտարմանը նպաստած բոլոր հանգամանքները պարզելու անհրաժեշտություն ինչի առումով դրսևորվելու է հետևողականություն», — նշել է դատախազությունը` ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանման` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն` Արգամ Աբրահամյանին պատկանող անշարժ գույքի վաճառքի առնչությամբ:

Հակակոռուպցիոն կոմիտեն, իր հերթին, ավելի վաղ նշել էր, որ քննիչը պարտավոր է եղել առաջնորդվել բացառապես օրենքով և կատարել դատարանի որոշումը։

«Ի դեպ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորությամբ չկատարելը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի, համարվում է հանցագործություն: Հակակոռուպցիոն կոմիտեն գործում է միայն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, իսկ օրենքից տեղյակ կամ անտեղյակ սուբյեկտների անհիմն, ականջահաճո արտահայտությունները չեն կարող ազդեցություն ունենալ օրինականության սկզբունքին անշեղ հետևելու կոմիտեի կամքի վրա և ստվերել նրա գործունեությունը», — նշել էր կառույցը:

Դատախազ Արթուր Դավթյանն ասել էր, թե տարակուսած են` ինչպես է վաճառվել կալանքի տակ գտնվող նախկին պաշտոնյայի գույքը, իսկ նրա ղեկավարած գերատեսչությունը հայտարարության մեջ հավելում է. «Քննիչը շտապել է առանց հսկող դատախազին իրազեկելու, չսպասելով բողոքարկման ժամկետի ավարտին, գրություն ուղարկել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ վերացնելու քրեական գործով Ա. Աբրահամյանին պատկանող հողամասի նկատմամբ կիրառված սահմանափակումները: Արդյունքում նշված անշարժ գույքը օտարվել է»:

Դատախազությունը, հիշեցնենք, արգելանք էր դրել Հովիկ Աբրահամյանի տան վրա, քանի որ այն պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործով իրեղեն ապացույց էր համարվել։ Քննությունը շարունակվել էր ավելի քան երեք տարի, փաստացի՝ առանց արդյունքի։

Անցած նոյեմբերին Աբրահամյանի որդին՝ Արգամը, դատարանից պահանջել էր չեղարկել առանձնատան վրա դրված սահմանափակումները։ Չորս ամիս անց առաջին ատյանի դատարանը բավարարել էր դիմումը։ Ու թեև Գլխավոր դատախազությունը դիմել էր վերաքննիչ, դա դեպքերի հետագա զարգացման վրա առանձնապես չի ազդել։ Չսպասելով բողոքարկման արդյունքներին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը անցած ամիս շտապել է Կադաստրի կոմիտեին տեղեկացնել, թե Աբրահամյանի ունեցվածքի վրա այլևս որևէ սահմանափակում չկա։

Շենքի նոր սեփականատերը գործարար Նարեկ Նալբանդյանի կինն է, ով ավելի վաղ ձեռք էր բերել նաև մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող «Գոլդեն փելես» հյուրանոցը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button