Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, թե այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի օրակարգում է եղել նաև իրավիճակը Հարավային Կովկասում։
«Մենք քննարկեցինք վերջին իրադարձությունները Ուկրաինայում, տարածաշրջանային անվտանգությունն ու պատերազմի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա։ Զրույցը տեղի ունեցավ անցած շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո»,-Թվիթերում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավարը` հավելելով. «Եվրամիությունը կշարունակի աջակցել կայուն, խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասին»։
Շառլ Միշելից բացի, անցած շաբաթ Հայաստանի վարչապետը Փարիզում հանդիպել էր նաև Ֆրանսիայի նախագահի հետ, ով հայտարարել էր, թե Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը իր ազդեցությունը կունենա նաև այլ տարածաշրջանների, այդ թվում՝ Կովկասի վրա։
«Պետք է աչալուրջ լինել։ Այս իրավիճակում չպետք է մոռանանք 2020 թվականի աշունը։ Այստեղ էլ ամեն ինչ լուծված չէ, և շատ անելիքներ կան», – ասել էր Էմանյուել Մակրոնը՝ առանց հավելյալ մանրամասների։