Եվրոպական միությունը հաստատեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չորրորդ փաթեթը:
Սանկցիաներն ուժի մեջ կմտնեն Եվրամիության Պաշտոնական հանդեսում հրապարակվելու պահից:
Այդ մասին հայտնել է Եվրամիությունում հերթագայության կարգով նախագահող Ֆրանսիան: Հաղորդագրությունը տեղադրվել է Եվրոպական միության խորհրդի Թվիթերի էջում:
Պատժամիջոցների չորրորդ փաթեթում ներառված են Ուկրաինայի վրա ռուսական ագրեսիայի հետ առնչություն ունեցող մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտնեեր:
Եվրամիությունը նաև համաձայնեցրել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը հասցեագրված նամակը, որով կոչ է անում սառեցնել Ռուսաստանին ժամանակին շնորհված «առևտրի իրականացման առավել բարենպաստ ռեժիմը»:
Նամակուտմ կա նաև ԱՀԿ-ին անդամակցելու Բելառուսիի դիմումի քննարկումը սառեցնելու կոչ:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Եվրամիությունում մի անանուն աղբյուր հայտնել է, որ նոր պատժամիջոցները կարող են տարածվել «Ռոսնեֆտ», «Տրանսնեֆտ» և «Գազպրոմնեֆտ» ընկերությունների վրա:
Բացի այդ, սահմանվում են պատժամիջոցներ մի շարք գերհարուստ գործարարների, այդ թվում Ռոման Աբրամովիչի նկատմամբ:
Քննարկման փուլում են պատժամիջոցներ ավիացիայի և նավաշինության ասպարեզում գործող ռուսական խոշոր ընկերությունների նկատմամբ:
Բացի այդ, լրացուցիչ սանկցիաներ են ծրագրվում ռուսական բանկերի, մետալուրգիայի և էներգետիկայի նկատմամբ: