Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Հյուիսսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում հայտարարել է, թե Մարիուպոլում մեծ թվով խաղաղ բնակիչներ են զոհվել և աննախադեպ թվով բնակիչներ՝ պատերազմից փախչելով, լքել են Ուկրաինայի տարածքը: Նա «բարբարոսություն» է անվանել ռուսների ագրեսիան:
«Մարտական գործողությունների ընթացքում Մարիուպոլում սպանվել է ավելի քան 2 հազար 400 մարդ: Պատերազմի ընդամենը 17 օրում 2 միլիոն 600 հազար բնակիչ է հեռացել Ուկրաինայից, դա Եվրոպայում ամենախոշոր արտագաղթն է Երկրորդ աշխարհամարտից հետո»,- ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարը:
Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ ընդունվում է պատժամիջոցների չորրորդ փաթեթը:
Դրանով ենթադրվում է արգելափակել Ռուսաստանի արտաքին առևտուրը և կապերը ֆինանսական միջազգային հաստատությունների հետ:
Արգելվում են նաև պերճանքի իրերի առքն ու վաճառքը և կրիպտոարժույթով գործարքները:
Սանկցիաները հարվածելու են Ռուսաստանի արդյունաբերության ռազմավարական ոլորտներին՝ մետաղագործությանը և էներգետիկային, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանը սատարող ընկերություններին և անհատներին: