Ռուսական Առաջին հեռուստաընկերության ուղիղ եթերում հակապատերազմական ակցիա անցկացրած խմբագիր Մարինա Օվսյաննիկովան տուգանվել է 30 հազար ռուբլիով և ազատ արձակվել։ Որոշումն այսօր ընդունել է Մոսկվայի Օստանկինոյի շրջանի դատարանը` նրան մեղավոր ճանաչելով անօրինական ակցիաներին մասնակցելու կոչերի համար։
Դատարանի վճիռը վերաբերում է երեկվա ակցիայից առաջ Օվսյաննիկովայի տեսաուղերձին, որտեղ նա ռուսաստանցիներին կոչ էր անում չվախենալ ու պատերազմի դեմ դուրս գալ բողոքի ակցիաների։
Դատավճռից հետո նա լրագրողներին ասել է, որ իրեն 14 ժամ հարցաքննել են, իրավաբանական օգնություն և կապ չի ունեցել։ Նա չի մեկնաբանել իր հանդեպ քրեական գործ հարուցելու հնարավորությունը, ասելով, թե հանգստանալուց հետո մեկնաբանություններ կտա վաղը։