Ի պատասխան Ուկրաինայի պատերազմի կապակցությամբ Ռուսաստանի պետական պաշտոնյաների և ընկերությունների ղեկավարների նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների՝ Մոսկվան պատժամիջոցներ է սահմանում Միացյալ Նահանգների ղեկավարների նկատմամբ:
Պատժամիջոցների ցանկում են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և մի խումբ քաղաքական ու զինվորական ղեկավարներ:
Այդ սանկցիաներով արգելվում է «սև ցուցակում» հայտնված ամերիկացիների մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք:
Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը հայտնել է, որ առաջիկայում ցուցակը կընդլայնվի:
Դրանում կընդգրկվեն օրենսդիրներ, գործարարներ, փորձագետներ, լրատվության ասպարեզում հայտնի գործիչներ, «ովքեր թշնամաբար են տրամադրված Ռուսաստանի դեմ կամ նպաստում են Ռուսաստանում ատելության տարածմանը»:
«Այս քայլն ընդունվում է որպես պատասխան և անխուսափելի է: Դա Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի ծայրահեղ ռուսատյաց դիրքորոշման, ամերիկյան գերակայությունը պահպանելու հուսահատ փորձերի և պարկեշտության կանոնները խախտելով՝ Ռուսաստանին բոլոր ուղղություններով զսպելու քաղաքականության հետևանք է», – ասվում է հաղորդագրությունում:
Մոսկվան միաժամանակ նշում է, որ չի հրաժարվում պաշտոնական շփումներից, եթե դրանք համապատասխանում են Ռուսաստանի ազգային շահերին:
«Հարկ եղած դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի շփվել նաև «սև ցուցակում» ընդգրկվածների հետ, եթե նրանք իրենց կարգավիճակի բերումով կոչված են հարցեր քննարկել», – ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում: