Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն մեկնում է Մոսկվա, որտեղ վաղը բանակցելու է ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ:
Արտգործնախարարների հանդիպման օրակարգում երկկողմ և միջազգային խնդիրներ են, այդ թվում՝ Ուկրաինայի ճգնաժամը:
«Ռուսական կողմը տեղեկություններ կներկայացնի Ուկրաինայում շարունակվող հատուկ օպերացիայի և խաղաղ բնակիչներին մարդասիրական միջանցքներով տարհանելու մասին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում:
Վերջին անգամ Լավրովը և Չավուշօղլուն հանդիպել են մարտի 10-ին Անթալիայում միջազգային դիվանագիտական հավաքի շրջանակներում:
Մոսկովյան հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարարը մարտի 17-ին կմեկնի Կիև:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր Անկարայում տեղի ունեցած կառավարության նիստից հետո հայտնել է Չավուշօղլուի առաջիկա այցերի մասին:
Էրդողանը հայտարարել է, որ արտգործնախարարը հանդիպումներ կունենա հակամարտող կողմերի հետ՝ շարունակելով Անկարայի ջանքերը հրադադարի հաստատման և խաղաղության վերականգնման ուղղությամբ:
Անցած շաբաթավերջին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում կայացավ Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումը՝ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի մասնակցությամբ: Պաշտոնական Անկարան հայտարարում է, որ շարունակելու է դիվանագիտական ջանքերը՝ ռուս – ուկրաինական հակամարտության կարգավորմանը նպաստելու համար: