Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներխուժումը Ուկրաինա հակասում է օլիմպիական ոգուն, և ժամանակը կգա որոշելու՝ արդյոք նրա երկիրը կարո՞ղ է մասնակցել 2024 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաքում կայանալիք Օլիմպիական խաղերին։
«Օլիմպիական խաղերը նույնպես այս մոլորակի աշխարհաքաղաքական մաս են կազմում։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում, Ռուսաստանին չի դասում խաղաղ երկրների խմբում։ Վլադիմիր Պուտինն անարդարացի պատերազմ է վարում։ Նա խախտում է, չի ճանաչում միջազգային օրենքները։ Մենք պետք է դա հաշվի առնենք», – ասել է Փարիզի քաղաքապետը Reuters-ի հարցազրույցում։
Փետրվարի վերջին Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր մարմինն առաջարկել էր, որ մարզական ֆեդերացիաներն արգելեն Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների ու պաշտոնյաների մասնակցությունը միջազգային մրցաշարերին։ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն կտրականապես անհամաձայնություն էր հայտնել։ Ներկա պահին Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն սառեցված չէ, և Ռուսաստանը կարող է մասնակցել 2024-ի Օլիմպիադային, բայց ամեն դեպքում որոշումը կախված է ՄՕԿ-ից։
Պատմության մեջ կան նման դեպքեր։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան, Ավստրիան, Բուլղարիան, Թուրքիան և Հունգարիան չեն հրավիրվել մասնակցելու 1920 թվականին Անտվերպենում կայացած Օլիմպիական խաղերին։ Իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 1948-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերին չեն մասնակցել Գերմանիան և Ճապոնիան։
Անն Իդալգոն 2024-ին դեռ կլինի Փարիզի քաղաքապետ, եթե, իհարկե, Ֆրանսիայի առաջիկա նախագահական ընտրություններում անակնկալ հաղթանակի չհասնի։ Նա նախագահական ընտրություններում առաջադրված 12 թեկնածուներից մեկն է։