«Երկար տարիներ՝ շուրջ 30 տարի, միջազգային հարթակներում՝ թե՛ սպորտային, թե՛ քաղաքական, մենք ներկայացված էինք որպես պարտություն կրած երկիր։ Սա խոստովանելը և՛ դժվար է, և՛ հեշտ։ Այսինքն, մենք պետք է իմանանք և ասենք ճշմարտությունն այնպես, ինչպես այն կա», – ադրբեջանցի մարզիկների հետ հանդիպմանը հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։
Անդրադառնալով «Ադրբեջանը հաղթող երկիր դարձրած» 44-օրյա պատերազմին, Ալիևը պնդել է, թե «պատերազմում կռվել են արժանապատվորեն՝ պահպանելով պատերազմի բոլոր օրենքները»։
«Մենք չենք պատերազմել քաղաքացիական անձանց դեմ, չենք ռմբակոծել շենքերը, մենք դաժանություն չենք ցուցաբերել», – պնդել է Ադրբեջանի նախագահը։
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի օդային հարվածի հետևանքով Ստեփանակերտում, Մարտունիում, Շուշիում, Մարտակերտում և մի շարք այլ բնակավայրերում վնասվել են բազմաթիվ բնակելի շենքեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ, եկեղեցիներ, զոհվել է 77 խաղաղ բնակիչ։
«Բազմաթիվ հայ ռազմագերիներ ենթարկվել են դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և խոշտանգումների ադրբեջանական ուժերի կողմից կա՛մ գերեվարվելիս, կա՛մ տեղափոխման ժամանակ, կա՛մ տարբեր կալանավայրերում կալանքի ընթացքում», – փաստել է մասնավորապես Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը։