Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ փետրվարի 24-ին մեկնարկած պատերազմի ընթացքում գերեվարվել է առնվազն 562 ռուս զինծառայող: Այդ թիվի հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը:
Նրա փոխանցմամբ, «բոլոր գերիներին վերաբերվում են միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ ասել է, թե գերի է ընկել մոտ հազար ռուսաստանցի զինծառայող:
Վերեշչուկը նշել է, որ պաշտոնական տվյալները «գուցեև ամբողջական չեն, և նախագահի նշած թիվը կարող է ավելի մոտ լինել իրականությանը»:
Փոխվարչապետը հաստատել է Ուկրաինայի դատախազ Իրինա Վենեդիկտովայի հրապարակած տեղեկությունն այն մասին, որ երկրում ստեղծվել են հատուկ ճամբարներ ռուս գերիների համար:
«Նրանք ամեն ինչով ապահովված են, ստանում են նույն սնունդը, որը տրվում է ուկրաինացի զինծառայողներին: Գերիների թիվը կհասնի հազարների: Երբ նրանց հարցնում են, նրանք ասում են, թե չեն ուզում վերադառնալ Ռուսաստան»,- ասել է գլխավոր դատախազը:
Նա պնդել է, որ գերիների թվում կան նաև զորակոչիկներ: Ռուսաստանը պատերազմի առաջին օրերին հավաստիացրել է, թե զորակոչիկներին Ուկրաինա չեն ուղարկում, բայց հետո խոստովանել է, որ զորակոչիկները մասնակցում են պատերազմին և նրանց թվում կան նաև գերիներ:
Արևմտյան լրատվական միջոցները նշում են, որ այսօր անկախ աղբյուրները չեն կարող ստուգել և հաստատել կամ մերժել թե՛ Ռուսաստանի և թե՛ Ուկրաինայի հրապարակած թվերը զոհերի, վիրավորների կամ գերիների մասին: