Բաքվի առաջարկներն ընդունելի են, բայց ամբողջապես չեն հասցեագրում խաղաղության հնարավոր օրակարգը. Միրզոյան

Loading...

Մարտի 10-ին Երևանին փոխանցված ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ այդ հարցերը, այդ առաջարկները ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության հնարավոր օրակարգը, և մեր պատասխանները եկել են ամբողջացնելու այդ օրակարգը, ԱԺ-ում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Առանցքային և սկզբունքային ենք համարում Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու ԼՂ կարգավիճակի հարցի հասցեագրումը, ահա այս ամբողջական հենքի վրա պատրաստ ենք սկսել բանակցություններ և հենց այս առաջարկով էլ դիմել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը` կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ` ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա», — պատգամավորների հարցերին պատասխանելով ասաց նախարարը` ևս մեկ անգամ շեշտելով, որ բանակցությունները դեռ չեն սկսվել:

«Երբ որ քաղաքական կարգավորումը կողմերի համար ընդունելի գտնվի, այն պետք է հանձնվի թղթին և ամրագրվի որևէ պայմանագրով… Մենք որևէ հակասություն չենք դնում տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի միջև, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը, մեր խորին համոզմամբ, որևէ կերպ չի վերաբերում Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներին, կարգավիճակին և այլն», — շեշտեց Միրզոյանը` ևս մեկ անգամ հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցը տարածքային չէ, Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային ոտնձգության հարց չէ. «Այն բացառապես և ամբողջովին Լեռնային Ղարաբաղի իրավունքների հարց է»:

Պաշտոնական Երևանը անցած շաբաթվա սկզբին էր հայտարարել, որ խաղաղության պայմանագրի կնքման բանակցությունների համար դիմել է Մինսկի խմբի համանախագահությանը: Մինսկի խմբից պաշտոնական հրապարակային պատասխան առայժմ չկա։ Ադրբեջանը ևս մինչ օրս անարձագանք է թողել խաղաղության բանակցությունները Մինսկի խմբի ձևաչափով անցկացնելու՝ Հայաստանի առաջարկը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button