Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն:
Ռուսաստանի արտաքին գորեծրի նախարարության փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գործողությունների մեկնարկին։
Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում «Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը»։
Հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարարները անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ։
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են հայ-ռուսական համագործակցությանը, բարձր և բարձրագույն մակարդակներում փոխայցելություններին, Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումներին վերաբերող հարցեր։