Պետական դումայի մշակույթի հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ, դերասանուհի Ելենա Դրապեկոն ասել է, որ պատգամավորները քննարկում են Ռուսաստանի կինոթատրոններում ցուցադրվող ամերիկյան և արևմտյան այլ երկրների արտադրած ֆիլմերը չինական, հնդկական, ղազախական և ուզբեկական ֆիլմերով փոխարինելու հնարավորությունը:
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նախաձեռնած պատերազմի կապակցությամբ մի շարք արևմտյան ընկերություններ՝ Sony-ն, Walt Disney Company-ն, Paramount-ը և Warner Bros-ը հայտնել են ռուսական շուկայից հեռանալու մասին:
Հոլիվուդյան կինոստուդիաները չեղարկել են իրենց ֆիլմերի պրեմիերաները և հայտնել են, որ այլևս իրենց կինոարտադրանքը չեն ուղարկի ռուսական կինոշուկա:
Ելենա Դրապեկոն մտադիր է Ռուսաստանի մշակույթի նախարարության հետ քննարկել չինական, հնդկական, ղազախական և ուզբեկական կինոարտադրանքով արևմտյան ֆիլմերը փոխարինելու գաղափարը:
«Ես եղել եմ Չինաստանում, տեսել եմ հրաշալի ֆիլմեր, դրանք Ռուսաստանում չեն ցուցադրվում, ափսոս, դրանք ոճով, տրամադրությամբ շատ հասկանալի և մատչելի կլինեն մեր կինոսիրողի համար: Պետք է մտածել նման ֆիլմեր գնելու մասին»,- ասել է Դրապեկոն:
Նրա համոզմամբ, արևմտյան կինոընկերությունների Ռուսաստանին հայտարարած բոյկոտը միայն կնպաստի ռուսական կինոարվեստի զարգացմանը և ռուս կինոսիրողին կընձեռի ԱՊՀ տարածքում նկարահանված ֆիլմեր տեսնելու հնարավորություն: