Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը մարտի 24-ին Բրյուսելում ասել է, որ կողմ է Ռուսաստանի արտաքսմանը «Մեծ քսանի» խմբից:
Բայդենը միաժամանակ նշել է, որ «Մեծ քսանի» անդամներից ոչ բոլորն են կիսում այդ տեսակետը:
«Այդ խնդիրը քննարկել ենք այսօր: Ես նշել եմ, որ դա կարող է տեղի չունենալ: Եթե Ինդոնեզիան և այլ երկրներ դեմ լինեն, ապա մենք կարող ենք Ուկրաինային առաջարկել «Մեծ քսանի» հավաքներին ներկա լինելու հնարավորություն»,- ասել է Բայդենը:
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ավելի վաղ ասել է, թե «Մեծ քսանից» ռուսներին արտաքսելու վերաբերյալ հայտարարություններ հնչեցնելուց առախ նախ հարցը պետք է դաշնակիցների հետ քննարկել:
«Բայց այս պատերազմի ֆոնին Ռուսաստանն այլևս չի կարող նախկինի պես նույն ձևով մասնակցել միջազգային կառույցների գործունեությանը»,- նշել է Սալիվանը:
Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինն ասել է, թե «Ռուսաստանը «Մեծ քսանի» կարևոր անդամ է, և այդ ձևաչափի մյուս երկրներից ոչ մեկը չի կարող մեկ ուրիշ անդամի վտարել խմբից»:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մարտի 23-ին ասել է, թե «Մեծ քսանը» բազմակողմ կառույց է, և մի շարք երկրներ՝ չնայած ԱՄՆ-ի ճնշումներին, Ռուսաստանի անդամության հարցում ունեն անկախ դիրքորոշում»:
«Մեծ քսանին» անդամակցում են աշխարհի տնտեսապես առավել զարգացած 19 պետությունները և Եվրամիությունը: