Միացյալ Նահանգները խոստացել է 15 միլիարդ խորանարդ մետր հեղուկ գազ ուղարկել Եվրամիության շուկա: Այդպիսով Եվրոպան պետք է կրճատի ռուսական էներգակիրների ներկրման ծավալը:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում հայտնել են, որ ստեղծվում է հատուկ աշխատանքային խումբ, որի նպատակն է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգակիրների մատակարարումից:
«Այսօր մենք համաձայնեցրել ենք համատեղ ծրագիրը, որի նպատակն է առաջ շարժվել դեպի ապահով և մաքուր էներգիա», – ասել է Բայդենը:
Նրա փոխանցմամբ, Միացյալ Նահանգները և Եվրոպան ամեն կերպ պետք է խթանեն վերականգնվող էներգետիկայի զարգացումը և նվազեցնեն էներգիայի պահանջարկը:
Միացյալ Նահանգների և Եվրամիության համատեղ աշխատանքային խմբի նպատակներից է ապահովել, որ մինչև 2030 թվականը Եվրոպան ստանա լրացուցիչ առնվազն 50 միլիարդ խորանարդ մետր հեղուկ գազ: Բնական գազի սակագինը վերջին շրջանում աննախադեպ աճ է գրանցել: