Հազարավոր մարդիկ այսօր Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մասնակցել են ցույցի, որով բողոք են հայտնել Ուկրաինայում ընթացող պատերազմի դեմ: Ցույցը կազմակերպել են Չեխիայում բնակվող ռուսաստանցիները:
Բողոքի ակցիայի մասնակիցները պարզել են պաստառներ «Ռուսաստանցիները դեմ են պատերազմին», «Ո՛չ պատերազմին», «Պուտինը պատերազմ է» կարգախոսներով, որոնք գրվել են ռուսերեն, չեխերեն և անգլերեն:
Ցույցի մասնակիցները հակապատերազմական գաղափարը խորհրդանշող սպիտակ-կապույտ-սպիտակ դրոշներն ու պաստառները պահած՝ երրթով անցել են քաղաքի կենտրոնով, Խաղաղության հրապարակից անցել են Վացլավի հրապարակ և հասել Հին քաղաք:
Ցույցի մասնակիցները վանկարկել են «Պուտինին՝ Հաագա» և պատերազմի դեմ այլ կարգախոսներ:
Ռուսաստանում պատերազմի դեմ ակցիաների համար նոր օրենքով կարող են ենթարկել քրեական պատասխանատվության:
Ռուսաստանում արգելում են կիրառել «պատերազմ» եզրույցը և պնդում են, որ Ուկրաինայում իրականացվում է «հատուկ օպերացիա»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս իր երախտագիտությունն է հայտնել պատերազմը դատապարտող ռուսաստանցիներին: Նա կոչ է արել այս ագրեսիայի դեմ բողոքի ակցիաներ կազմակերպել ամբողջ աշխարհում: