Պատերազմի 31-րդ օրը Ռուսաստանի Զինված ուժերը նոր հրթիռային հարվածներ են հասցրել Կիևի մերձակա շրջաններին, ինչպես նաև մայրաքաղաքից արևմուտք գտնվող Ժիտոմիրի մարզի մի շարք բնակավայրերին։
Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ ինչպես և նախորդ մի քանի օրերին, այսօր ևս հարվածների թիրախներից են եղել Ուկրաինայի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող վառելիքի պահեստները։
Նավթաբազաներին հասցվող ռուսական հարվածների ֆոնին ուկրաինական մի շարք լրատվամիջոցները հաղորդում են բենզինի և դիզելային վառելիքի լուրջ դեֆիցիտի մասին։ Այն էլ ավելի է սրվում, քանի որ Ուկրաինայի ռազմական գործողությունների թատերաբեմի չվերածված տարածքներում մեկնարկել է գարնանացանը ինչը ավելացրել է վառելիքի սպառման ծավալները։
Կիևին հասցված նոր հարվածների ֆոնին ուկրաինական մայրաքաղաքի վարչակազմը այսօր հայտարարել է Կիևում ևս մեկ 36-ժամյա պարետային ժամ հայտարարելու մասին։ Այն ուժի մեջ է մտնելու այսօր երեկոյան ժամը 8-ից և գործելու է մինչև երկուշաբթի առավոտյան ժամը 7-ը։