Մահացել է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը

Loading...

Մարտի 27-ին Բաքվում 84 տարեկանում մահացել է Ադրբեջանական ԽՍՀ առաջին և միակ նախագահ Այազ Մութալիբովը:

Նա այդ պաշտոնը զբաղեցրել է մեկ տարուց ավելի քիչ և 1992 թվականին գահընկեց է արվել ընդդիմության կողմից:

Մութալիբովը ստիպված փախուստի է դիմել և ապաստանել է Ռուսաստանում, որտեղ 20 տարի բնակվելուց հետո վերադարձել է Ադրբեջան:

Խորհրդային ժամանակաշրջանում Մութալիբովը 1989-90 թվականներին զբաղեցրել է Արդբեջանական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի, ապա 1990-91 թվականներին՝ Ադրբեջանական Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնը:

Այդ տարիներին Մութալիբովը նաև եղել է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության Քաղբյուրոյի անդամ:

1991 թվականի մարտի 6-ին Մութալիբովը հրաժարական է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի համար հայկական ստորաբաժանումների հետ պատերազմում կրած անհաջողություններից հետո:

Մայիսի 14-ին Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհուրդը նրան քվեարկությամբ վերականգնել է նախագահի պաշտոնում, մայիսի 15-ին մայրաքաղաք Բաքուն գրաված Ադրբեջանի Ժողճակատը Մութալիբովին հրաժարական տալու վերջնագիր է ներկայացրել:

Մայիսի 16-ին Մութալիբովը Բաքվի մոտակայքում գտնվող խորհրդային բանակի Կալայի օդանավակայանից ինքնաթիռով մեկնել է Մոսկվա:

Գահընկեց արված նախագահի ընկերները նրա կնոջը, որդուն և թոռնուհուն մեքենայով հասցրել են Դաղստան, որտեղից էլ նրանք օդանավով մեկնել են Մոսկվա:

2012 թվականին վերադառնալով Ադրբեջան, Մութալիբովը հայտարարել է, որ հեռացել է քաղաքականությունից:

«Եթե տարածքային խնդիրները չլինեին՝ ես մինչև հիմա Ադրբեջանի նախագահը կլինեի»,- 2009 թվականին ասել է Մութալիբովը «Ռուսկայա ժիզն» հանդեսին տված հարցազրույցում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button