Դատախազությունը պահանջել է ՊԵԿ նախկին աշխատակից Գուրողլյանից բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագման գույքը, գործը դատարանում է

Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջել է ՊԵԿ նախկին աշխատակից Վահրամ Գուրողլյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագման գույքը։

Դատախազությունը մանրամասնում է՝ մասնավորապես պահանջել է բռնագանձել Երևանում գտնվող 8 բնակարանները և Հյուսիսային պողոտայում գտնվող 6 ավտոկայանատեղիները, 4 հասարակական նշանակության տարածքները, Կոտայքի մարզում գտնվող հանգստյան գոտին և 2 հողամասեր, ինչպես նաև 2 տրանսպորտային միջոցները, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 1 մլրդ 601 մլն 422 հազար 519 դրամ, ինչպես նաև Ավստրիայի տարածքում գտնվող 2 անշարժ գույքերի ձեռքբերման համար վճարած դրամական միջոցները՝ ապօրինի դիտարկված 170 մլն 826 հազար 728 դրամի չափով։

Դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ:

Սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թվով 5-րդ հայցադիմումն է, որ դատարանն ընդունել է վարույթ․ իրավապահները նաև ուսումնասիրել են ավելի քան մեկ տարի առաջ մահացած, կոռուպցիոն հանցագործությունների համար մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի, Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի դստեր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին, «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանին պատկանող գույքն ու դրամական միջոցները։ Արամ Հարությունյանի, Վլադիմիր Գասպարյանի, Սերոբ Հարությունյանի և Արամ Վարդանյանի գործերն արդեն դատարանում են։ Ընդհանուր առմամբ, ուսումնասիրվում է ավելի քան 200 գործ։

Դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ ապօրինի գույքի բռնագանձման ավարտված ուսումնասիրություններով 2021-ին բացահայտվել է ապօրինի ծագման 94 անշարժ, 23 շարժական գույք, 27.7մլրդ դրամի չափով գումար, ներկայացվել է բռնագանձման 3 հայց։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button