Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջել է ՊԵԿ նախկին աշխատակից Վահրամ Գուրողլյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագման գույքը։
Դատախազությունը մանրամասնում է՝ մասնավորապես պահանջել է բռնագանձել Երևանում գտնվող 8 բնակարանները և Հյուսիսային պողոտայում գտնվող 6 ավտոկայանատեղիները, 4 հասարակական նշանակության տարածքները, Կոտայքի մարզում գտնվող հանգստյան գոտին և 2 հողամասեր, ինչպես նաև 2 տրանսպորտային միջոցները, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 1 մլրդ 601 մլն 422 հազար 519 դրամ, ինչպես նաև Ավստրիայի տարածքում գտնվող 2 անշարժ գույքերի ձեռքբերման համար վճարած դրամական միջոցները՝ ապօրինի դիտարկված 170 մլն 826 հազար 728 դրամի չափով։
Դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ:
Դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ ապօրինի գույքի բռնագանձման ավարտված ուսումնասիրություններով 2021-ին բացահայտվել է ապօրինի ծագման 94 անշարժ, 23 շարժական գույք, 27.7մլրդ դրամի չափով գումար, ներկայացվել է բռնագանձման 3 հայց։