Զելենսկի․ «Զգուշավոր լինել Մոսկվայից հնչող դրական ազդակների հանդեպ»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում երկրի քաղաքացիներին զգուշավոր մոտեցում որդեգրել Ստամբուլում կայացած բանակցություններից հետո Մոսկվայից հնչող դրական ազդակների հանդեպ։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է իր ամենօրյա կեսգիշերային ուղերձում։

«Այո, մենք կարող ենք ասել, որ բանակցային հարթակից հնչող ազդակները դրական են։ Դրանք, սակայն, չեն լռեցնում ռուսական արկերի պայթյունները։ Բնական է, որ մենք տեսնում ենք բոլոր ռիսկերը, բնական է, որ մենք չենք վստահում այն պետության ներկայացուցիչների խոսքերին, որը շարունակում է քանդել մեր երկիրը։ Ուկրաինացիները միամիտ մարդիկ չեն։ Ռազմական գործողությունների 34 օրերի և Դոնբասում ընթացող պատերազմի 8 տարիների ընթացքում մենք արդեն սովորել ենք, որ հարկավոր է վստահել միայն փաստերին», – հայտարարում էր Զելենսկին։

Երեկ Ստամբուլում կայացած բանակցությունների ավարտին Ռուսաստանի իշխանությունները հայտարարել էին, որ պաշտոնական Կիևը հնարավոր խաղաղության համաձայնագրին վերաբերող մի շարք առաջարկներ է ներկայացրել։ Դրանցով Ուկրաինան պարտավորվում է չանդամակցել ՆԱՏՕ-ին, ինչի փոխարեն մի շարք պետություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները (ներառյալ Ռուսաստանը), Ուկրաինային անվտանգության հստակ երաշխիքներ են տրամադրելու։

Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում ուկրաինական պատվիրակությունը նաև համաձայնել էր 15 տարով սառեցնել Ղրիմի շուրջ 2014-ին ձևավորված ստատուս քվոն՝ պարտավորվելով զերծ մնալ հարցի ռազմական լուծման փորձերից։

Կիևից հնչած այս խոստումներին ի պատասխան՝ Ռուսաստանի իշխանությունները հայտարարեցին մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Կիևի, հարձակումը դադարեցնելու մասին՝ նշելով, որ այդ քայլին են դիմում, քանի որ «քաղաքական որոշումները կայացվում են մայրաքաղաքում»։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button