Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի այսօր կեսօրին տարածած հաղորդագրության համաձայն` երկրի հյուսիսում ռուսաստանյան ստորաբաժանումների ակտիվ վերատեղակայում է տեղի ունենում։
«Խարկովից հարավ գտնվող Իզյումի շրջանում Ռուսաստանի զինված ուժերի կազմում գործող 20-րդ համազորային և 1-ին տանկային բանակների ստորաբաժանումների շարժ և կուտակումներ են նկատվում։ Կիևից հյուսիս ռուսական զորքերը ամրացնում են իրենց դիրքերը՝ կուտակվելով Չեռնոբիլի ատոմակայանի մերձակայքում», – հաղորդում է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբը։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով` ռուսական զորքերը Կիևի մերձակայքից չեն հեռացել։
«Ողջ գիշեր մայրաքաղաքի արվարձաններից պայթյունների ձայներ էին լսվում, ինչը վկայում է, որ այստեղ մարտերը շարունակվում են, մարդիկ շարունակում են զոհվել», – հայտարարում էր Կլիչկոն։