Ալիևը «լավ նորություն» է որակում Բաքվի առաջարկների՝ Երևանի համար ընդունելի լինելը

Loading...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է, որ ապրիլի 6-ին կայանալու է իր հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և հույս է հայտնել, որ հանդիպումն արդյունավետ կլինի։

«Հուսով եմ՝ այդ հանդիպումն արդյունավետ կլինի։ Արդեն մի քանի հանդիպում է կայացել, և մենք պետք է շարժվենք դեպի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրում, հնարավորինս կարճ ժամկետներում ստորագրենք այդ փաստաթուղթը», — «Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման ժամանակ։

Նա պնդել է, թե Ադրբեջանը լուծել է ղարաբաղյան հակամարտությունը, ապա շարունակել. — «Հակամարտությունն արդեն կարգավորված է։ Ադրբեջանն ինքն է դա արել, և այժմ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու ժամանակն է։ Մենք որոշակի հաղորդումներ ենք ստանում Հայաստանի պաշտոնական անձանցից։ Ինչպես ինձ վերջերս հայտնել են, այդ հաղորդումներից մեկն այն է, որ նրանք ընդունելի են համարում մեր առաջարկները։ Դա լավ նորություն է, և ես հուսով եմ, որ այդ հարցը կպարզվի Բրյուսելի հանդիպմանը»։

Ալիևը նաև վստահեցրել է, որ իրենց ներկայացրած հինգ սկզբունքներն արտացոլում են միջազգային իրավունքի նորմերը, ցանկացած երկրների միջև միջպետական հարաբերությունների հիմնարար սկզբունքներ են»։ «Տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչումը, այնուհետև սահմանազատումը՝ կարծում եմ, որ այդ հիմքի վրա Կովկասում խաղաղություն կհաստատվի։ Մենք դա ուզում ենք», — հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ թե՛ հրապարակային, թե՛ դիվանագիտական ճանապահով Հայաստանն արձագանքել է Ադրբեջանի 5 կետանոց առաջարկին, և Հայաստանի համար այդ առաջարկում անընդունելի ոչինչ չկա։ Միաժամանակ, վարչապետն ընդգծեց, որ «կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, և Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը»։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button