Երևանի քաղաքապետի հաջորդ ընտրություններում ՔՊ-ն կառաջադրի Տիգրան Ավինյանի թեկնածությունը

Loading...

Երևանի քաղաքապետի հաջորդ տարի կայանալիք ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» կառաջադրի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը, «Ազատությանը» այսօր փոխանցեց իշխող ուժի հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։

Գործող քաղաքապետ Հրաչ Սարգսյանը օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր՝ Ավինյանի համաձայնության դեպքում նրան փոխքաղաքապետ կնշանակի։ Իշխող ուժից այսօր ասացին՝ այո՛, Ավինյանը նախ փոխքաղաքապետ կնշանակվի, իսկ մյուս տարի արդեն նախընտրական ցուցակը կգլխավորի:

«Որոշում կա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորելու է Տիգրան Ավինյանը, լինելու է քաղաքապետի թեկնածուն, բայց շատ կարևոր է, որ այս տարանջատումը լինի, որ հիմա մեր քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր ողջ թիմով աջակցում է նրան իր գործում: Պարոն Ավինյանի մասով էլ կա որոշում, որ նա պետք է շուտով դառնա Երևանի փոխքաղաքապետ», — ասաց Վահագն Ալեքսանյանը:

«Քաղաքացիական պայմանագրի» ու գործող քաղաքապետի այս հայտարարություններն անակնկալ չեն Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Իզաբելլա Աբգարյանի համար։ «Դեռ, անցած տարի, երբ իշխող ուժն արշավում էր նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ՝ համոզված էի, որ Ավինյանին քաղաքապետ դարձնելու հող են նախապատրաստում»,- ասաց Աբգարյանը, որը պատերազմից հետո դուրս է եկել իշխող «Իմ քայլը» խմբակցությունից։

«Անակնկալն այն է, որ քաղաքապետը համարում է, որ ինքն է Ավինյանին նշանակում փոխքաղաքապետ, որովհետև իրականում Ավինյանն է իրեն նշանակել քաղաքապետ», — նշեց Աբգարյանը:

Ավագանու անդամն իր խոսքերը հիմնավորելու համար փաստեր է ներկայացնում՝ պնդում է, թե նորանշանակ 4 փոխքաղաքապետերն ու վարչական շրջաններից մի քանիսի նոր ղեկավարները հենց Ավինյանի թիմից են. «Ըստ էության, հիմա քաղաքապետարանը զբաղված է արդեն իսկ նախապատրաստվելով հաջորդ ընտրություններին՝ թիմերի ձևավորում, մենք վարչական շրջաններում ենք տեսնում՝ կրկին Տիգրան Ավինյանի հետ կապված մարդիկ կան, որ անցնում են պաշտոնի և փոխվում են, թաղապետերի մասին է խոսքը: Սոցցանցային էջերն ուսումնասիրելիս հասկանում ես, որ մարդիկ կապ ունեն Տիգրան Ավինյանի հետ: Բոլոր տեղակալները, ում տեսնում եք, հիմնականում կապված են, իհարկե, իր հետ»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը կոռեկտ չի համարում Աբգարյանի պնդումներն ու չի արձագանքում դրանց։ «Ազատության» հետ զրույցում ասաց, թե Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու, հետո՝ քաղաքապետի թեկնածու առաջադրելու թեմայով իշխող խմբակցությունում քննարկումներ դեռ չեն եղել, բայց ինքը՝ որպես խմբակցության ղեկավար, մասնակցել է գործող քաղաքապետի ու Ավինյանի զրույցին։ Վերջինիս թեկնածության համար, ասաց, մի քանի հանգամանք են հաշվի առել, առաջիկայում քաղաքապետարանը նույնպես հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:

«Հաշվի առնելով պարոն Ավինյանի երեք տարի փոխվարչապետի փորձը, նաև ճգնաժամային իրավիճակներում իր կառավարման ունակությունները, չենք բացառում, որ այդպիսի որոշում կայացնենք», — ասաց Գալջյանը:

Ամիսներ առաջ Երևանի ավագանու՝ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը Հայկ Մարությանին անվստահություն հայտնեց, հիմնավորելով՝ քաղաքապետը չի իրականացնում նախընտրական խոստումները, համակարգային կոռուպցիայի վերացման առաքելությունը, դուրս է եկել իշխող կուսակցությունից, խզել է կապն ավագանու իշխող խմբակցության և կառավարության հետ։ Մարությանն էլ պաշոտնից հեռանալուց առաջ ավագանու նիստում աղմկահարույց ելույթ ունեցավ՝ իշխանությանը մեղադրելով հեղափոխական արժեքներից շեղվելու համար։ Հետո իրավապահներն ուսումնասիրեցին Մարությանը այս հայտարարություններն ու եզրահանգեցին՝ ոչ մի հանցանք չի եղել։

Մարությանն այսօր չպատասխանեց մեր զանգերին։ «Արդյոք նա պատրաստվո՞ւմ է մասնակցել եկող տարի կայանալիք Երևանի ՏԻՄ ընտրություններին», մեր այս հարցին Մարությանի գրասենյակից գրավոր պատասխանեցին. «Հայկ Մարությանը ներկայումս զբաղվում է մասնավոր գործերով, միևնույն ժամանակ հետևում է հանրային բոլոր իրադարձությունների ընթացքին ու անհրաժեշտության դեպքում դրանց վերաբերյալ կարտահայտի իր դիրքորոշումը»:

Թեև Երևանի ՏԻՄ ընտրություններին դեռ մեկ տարուց ավելի ժամանակ կա, բայց մամուլում քաղաքապետի այլ թեկնածուների անուններ են շրջանառվում։

Նախկին երկու սոցապ նախարարներ՝ Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի հիմնած «Ապրելու երկիր» կուսակցությունն, ըստ այդ հրապարակումների, մասնակցելու է ընտրություններին, թեկնածուն էլ ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանն է։ Մանե Թանդիլյանն ասում է՝ այդ ինչպե՞ս և ո՞վ է որոշել։ Բայց, որ մասնակցելու են ընտրություններին՝ հաստատեց։ Ինքը՝ Վարդանյանը, բազմիցս հերքել է լուրերը, որ ինքը առնչություն ունի այդ կուսակցության հետ։

«Մենք հայտարարել ենք մեկ անգամ, որ կուսակցությունը, այո, մասնակցելու է ու կախված ծրագրերից, թե ինչ է պատրաստվում անել, թեկնածու չենք քննարկել», — ասաց Թանդիլյանը:

«Հայաստան» խմբակցությունն էլ, ըստ մամուլի, պատրաստվում է Երևանի ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդուն՝ Լևոն Քոչարյանին։ «Հայաստան» խմբակցությունից, պատգամավոր Ագնեսա Խամոյաննը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այս լուրերը, ասաց՝ պատերազմը քթներիս տակ է, այս պահին այլ առաջնահերթություններ ունեն:

«Տեսաք այսօր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստի ժամանակ, ահազանգում էր, որ կարող են ռազմական գործողությունները վերսկսվել, այս պայմաններում, անկեղծ ասած, մեր առաջնահերթությունների մեջ չի կարող լինել 2023 թվականի ընտրությունների մասին մտածելը, քննարկումներ ծավալելը, մինչև 2023 թվականը պետք է Հայաստան պետությունը լինի, Երևան մայրաքաղաքը լինի: Ժամանակային տեսանկյունով նաև ձևակերպումներ տալ Երևանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված մեր մասնակցության, մեր թեկնածուի մասնակցության մասով իրատեսական չէ», — նշեց Խամոյանը

Եթե արտահերթ զարգացումներ չլինեն, Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն հաջորդ տարի։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը միաժամանակ նշեց՝ չի բացառվում, որ ավագանու ապրիլի 19-ին կայանալիք նիստում արդեն հայտարարվի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը։ Հետաքրքրվեցինք՝ արտահերթ ընտրությունների գնալու հավանականություն կա՞, ասաց այդպիսի հարց չի քննարկվել:

Ի դեպ, Ավինյանը անցած մայիսի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության հիմնական ցուցակում չէր ընդգրկվել, իսկ տարածած հայտարարություն նշել էր, թե որոշ տարաձայնություններ ունի։ «Հիմնարար սկզբունք է բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը՝ անկախ անձերից: Կազմված նախընտրական ցուցակի դեպքում, սակայն, ես վստահ չէի, որ այդ սկզբունքը պահպանվում էր»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Ավինյանը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button