Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր է առաջիկայում պատժամիջոցների ցանկում ընդգրկել ռուսական և բելառուսական ևս 120 կազմակերպություններ և դրանք զրկել բարձր տեխնոլոգիաներից:
Այդ մասին մարտի 31-ին հայտնել է նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հաղորդակցության բաժնի տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը:
«Առաջիկայում առևտրի նախարարությունը կձեռնարկի նոր քայլեր ռուսական պաշտպանական ոլորտի՝ աէրոտիեզերական և ծովային սեկտորների դիրքերը թուլացնելու համար: Պատժամիջոցների ցուցակում կհայտնվեն 120 կառույցներ Ռուսաստանից և Բելառուսից»,- ասել է Բեդինգֆիլդը:
Նրա փոխանցմամբ, այդպիսով «սև ցուցակում» գտնվող ռուսական և բելառուսական կազմակերպությունների թիվը կգերազանցի 200-ը:
Այդ ընկերությունները չեն կարողանա առանց լիցենզիաների ստանալ ամերիկյան բարձր տեխնոլոգիաներ: