Արտակարգ իրավիճակների նախարարի կալանքի միջնորդություն է ներկայացվել

Մեղադրանք է առաջադրվել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, հաղորդում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Ըստ հաղորդագրության՝ քրեական գործով ևս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցված և Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) պաշտոնատար անձանց կողմից խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների վերաբերյալ:

«Հիշյալ բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վերը նշված ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ», – փոխանցում է Հակակոռուպցիոն կոմիտեն՝ մանրամասնելով.

«Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022 թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք: Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են հրազեն և ռազմամթերք:

Պարզվել է նաև, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ.Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն` համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար:

Բացի այդ գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԱԻ նախարարության մեկ այլ ստորաբաժանման ղեկավար Վ. Մ.-ն իր ծանոթ Ա. Օ.-ի կողմից կաշառք տալու եղանակով նախարարության ՓԾ ջոկատներից մեկի հրամանատարի պաշտոնին նշանակվելու մտադրության մասին 2022թ. հունվարին հայտնել է ԱԻ նախարարին, ով ընդունել է այդ առաջարկը: Ա. Օ.-ի` համապատասխան պաշտոնում նշանակվելուց հետո Վ. Մ.-ն օժանդակել է նախարար Ա. Փիլոյանի կողմից հիշյալ անձից խոշոր չափերով կաշառք ստանալուն:

Քննությամբ պարզվել է նաև, որ Վ. Գ.-ն, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԱԻ նախարարի հետ, վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում մի շարք անձանց օգտին գործողություններ կատարելու, այն է` նախարարության տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի ընդունելու համար նշված անձանցից յուրաքանչյուրից պահանջել և ստացել է 2000-2500 ԱՄՆ դոլարի չափով ապօրինի վարձատրություն:

Բացի այդ, քրեական գործի նյութերի համաձայն` ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության երկու ստորաբաժանումների ղեկավարները` Վ. Մ-ն և Մ. Մ.-ն, նախնական համաձայնության գալով, 2021 թվականի հոկտեմբերին խաբեության եղանակով կազմակերպել են ԱԻՆ ՓԾ մի շարք աշխատակիցների պարգևատրման գործընթաց, որից հետո, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պարգևատրումներ ստացած հիշյալ անձանց օժանդակությամբ ստացել և հափշտակել են վերջիններիս պարգևավճարների գումարները:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Մ.Մ.-ն ՀՀ ԱԻՆ ՓԾ կարիքների համար 2022 թվականին անցկացվելիք մրցույթի տեխնիկական բնութագիրը համաձայնեցրել է մրցույթի հավանական մասնակցի հետ` այդ կերպ փորձելով նպաստել, որպեսզի միայն նշված ընկերությունը հնարավորություն ունենա մասնակցել և հաղթել մրցույթում»:

Նախարար Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` «խոշոր չափերով կաշառք ստանալը» (3 դրվագ): Քննիչի որոշմամբ նա երեկ ձերբակալվել է, նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նախարարի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Եվս 8 անձի, այդ թվում` ԱԻՆ տարբեր պաշտոնյաների, մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն հանցակցության, կաշառք տալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և այլ հատկանիշներով։ Մեղադրյալներից Ա. Հ.-ի, Հ. Ե.-ի, Մ. Մ.-ի, Վ. Մ.-ի և Ա. Օ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ԱԻՆ աշխատակիցներից ևս 10 անձ ունեն կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button