Հայ-թուրքական կարգավորման գործընթացում, ըստ Չավուշօղլուի, «լավ դինամիկա է նկատվում»

Թուրքիան և Հայաստանը հարաբերությունների կարգավորման համար շարունակում են աշխատել վստահության բարձրացմանը միտված քայլերի ուղղությամբ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: Մևլյութ Չավուշօղլուն թուրքական Ahaber հեռուստաընկերության ուղիղ եթերում բանակցային գործընթացի մասին որոշ փակագծեր է բացել:

«Մենք դրական ուղերձների հետ մեկտեղ որոշեցինք հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ նշանակել: Նրանք երկու անգամ հանդիպել են և մշտական հեռախոսային կապի մեջ են: Վստահության բարձրացմանն ուղղված քայլեր ձեռնարկեցինք: Թռիչքներ սկսվեցին: Մյուս կողմից՝ առևտրի բնագավառում որոշ քայլեր են ձեռնարկվում: Բացի այդ, սահմանային գետերի սողանքների հետ կապված հարցեր կան, քննարկվում է, թե ինչ աշխատանքներ կարող են տարվել: Վաղը սահմանների բացման դեպքում հաղորդակցության հարցեր առաջ կգան, ճանապարհների և երկաթուղիների գործարկման հետ կապված երկու կողմն էլ անելիքներ ունի», – ասել է Չավուշօղլուն։

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ բանագնացների աշխատանքին զուգահեռ քաղաքական շփումներ ևս կան՝ հիշեցնելով մարտի 11-13-ը կայացած դիվանագիտական ֆորումի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Անթալիա և իրենց երկկողմ հանդիպումը: «Իրականում ես ցանկանում էի, որ այդ հանդիպումը եռակողմ լիներ և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ևս մասնակցեր: Սակայն Անթալիայում չստացվեց: Հիմա Ալիևն ու Փաշինյանն են հանդիպելու Եվրոպայում: Ադրբեջանի կողմից ես խնդիր չեմ տեսնում», – հավելել է նա։

Չավուշօղլուն ասել է, որ տարիներով երկու երկրների միջև կապը կտրված է եղել, և այժմ սկիզբ է դրվել հարաբերությունների կարգավորմանը: Նրա խոսքով՝ Հայաստանը «ադրբեջանական հողերի օկուպացիայի և Թուրքիային ուղղված մի շարք պահանջների» պատճառով մեկուսացված երկիր էր դարձել: Այժմ, ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի, լավ դինամիկա է նկատվում, բայց մեկ օրում բոլոր հարցերը չեն կարող լուծվել, փոխադարձ քայլեր պետք է ձեռնարկվեն։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button