Ուկրաինայի խորհրդարանի՝ Գերագույն ռադայի մարդու իրավունքների պաշտպան Լյուդմիլա Դենիսովան մարտի 31-ին ասել է, որ ագրեսորները պատերազմի ընթացքում շուրջ 400 հազար ուկրաինացիների բռնի փոխադրել են Ռուսաստանի տարածք:
Այդ մասին օմբուդսմենը հայտնել է Euronews հեռուստակայանին տված հարցազրույցում:
«Մեր քաղաքացիներին մեր տարածքից տեղահանել և փոխադրել են Ռուսաստանի տարածք: Նրանք իրենց կամքով չեն հեռացել: Նրանց նախ բռնի եղանակով փոխադրում են Դոնբասում գտնվող «ֆիլտրացիոն ճամբար», որտեղից էլ գնացքով ուղարկում են Ռուսաստանի Դաշնության թերզարգացած շրջաններ, օրինակ, Սախալին»,- ասել է Դենիսովան:
Նրա խոսքով, ռուսական բանակի հարձակումների հետևանքով ուկրաինական քաղաքներում մեծ թվով խաղաղ բնակիչներ են զոհվել:
«Մարիուպոլը վերածվել է ավերակների, բնակելի շենքերի 90 տոկոսը ռմբահարվել է, զոհվել է մոտավորապես 20 հազար մարդ»,- ասել է Ուկրաինայի օմբուդսմենը:
Արևմտյան լրատվական գործակալությունները նշում են, որ Ուկրաինայում ընթացող պատերազմի պայմաններում դժվար է ստուգել զոհերի, տեղահանվածների, գերեվարվածների և մնացած տուժածների վերաբերյալ կողմերի հրապարակած վիճակագրական տվյալների արժանահավատությունը: