
Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Փաշինյանը հույս է հայտնել, որ ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը կծառայի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և կապահովի ԼՂ բնակչության խաղաղ կյանքը իր հողում։
«Բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը և Ձեր անձնական ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հասնելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում բարենպաստ կենսապայմանների ապահովման գործում։
Վստահ եմ, որ այս բոլոր ջանքերը կհանգեցնեն մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը, իսկ Ռուսաստանի հետագա միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ամբողջությամբ ուղղված կլինեն հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը», — ասված է Հայաստանի ղեկավարի ուղերձում։
Նա նաև վստահություն է հայտնել` հայ-ռուսական համագործակցությունը խորացնելու փոխադարձ ձգտումը, բարձր և բարձրագույն մակարդակներում վստահելի երկխոսությունն այսուհետ ևս կկանխորոշի ընդհանուր ջանքերը՝ ի շահ երկու երկրների, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման, ինչը, ինչպես նշված է ուղերձում, բխում է ժողովուրդների և պետությունների ռազմավարական շահերից։
Այս տարի նշվելու է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը: