ԵԱՀԿ նախագահը Երևանին և Բաքվին կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բանակցություններին

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն կոչ է արել Բաքվին և Երևանին բարեխղճորեն մասնակցել բանակցություններին՝ հասնելու համար բոլոր չլուծված խնդիրների համապարփակ կարգավորմանը: Այս մասին ասվում է ԵԱՀԿ հայտարարությունում, որը հաջորդել է Ռաուի հարավկովկասյան այցին։

«Լեհաստանը` որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, վճռականորեն աջակցում է երկխոսությունը հեշտացնելուն ուղղված նախաձեռնություններին, որոնք անհրաժեշտ են տեղում լարվածությունը թուլացնելու համար», – ասված է նրա հայտարարության մեջ:

Ըստ Ռաուի` ԵԱՀԿ-ն ակնկալում է առաջընթաց հրատապ հումանիտար հարցերում, ինչպիսիք են կալանավորների ազատ արձակումը, անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը, ականազերծումը և պատմամշակութային վայրերի պաշտպանությունը:

Կազմակերպության գործող ղեկավարն ընդգծել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դերը՝ առաջարկելով ընդլայնել նրա մասնակցությունը առկա խնդիրների լուծմանը։

Նա նաև ողջունել է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունն՝ ընդգծելով, որ այս գործընթացը կարող է նպաստել կայունության բարելավմանը տարածաշրջանում:

Մարտի 29-ից ապրիլի 1-ն ընկած այցի ընթացքում նախարար Ռաուն նշել է, թե ինչ ազդեցություն է ունեցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան տարածաշրջանում անվտանգության իրավիճակի վրա։ Բոլոր երեք մայրաքաղաքներում նա առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հակամարտությունից տուժած բնակչության իրավիճակին։

ԵԱՀԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Զբիգնև Ռաուի ուղևորությունը կենտրոնացած էր անվտանգության առկա մարտահրավերների և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերի վրա, ինչպես նաև ԵԱՀԿ-ի և հարավկովկասյան տարածաշրջանի երեք պետությունների միջև համագործակցության ամրապնդման վրա:

Երևանում եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը վստահեցրել էր՝ ԵԱՀԿ-ն հանձնառու է նպաստել Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը: Այստեղ նրան ընդունել էին նախագահը, վարչապետը, արտգործնախարարը: Ադրբեջանում պաշտոնյան հանդիպումներ է ունեցել նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button