Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և վարչապետին

Loading...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և վարչապետ Լի Կեցյանին՝ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով:

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության փոխանցմամբ՝ Չինաստանի նախագահին ուղղված ուղերձում մասնավորապես ասված է․ — «Հայ-չինական բարեկամական կապերն ունեն հարուստ պատմություն և առանձնանում են փոխադարձ վստահությամբ և մեծ հարգանքով: Ավանդական այս հարուստ հիմքի վրա է խարսխվել նաև մեր միջպետական համագործակցությունը, որն անցած երեսուն տարիների ընթացքում շարունակաբար զարգացել է առողջ և հաստատուն ուղիով: Հայաստանի և Չինաստանի միջև պահպանվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ամրապնդվել է փոխգործակցությունը միջազգային և տարածաշրջանային հարցերում, այդ թվում՝ բազմակողմ հարթակներում»:

«Այս երեք տասնամյակների ընթացքում մեր երկրները զգալի արդյունքների են հասել առևտրի, տնտեսության, զարգացման, անվտանգության, մշակույթի, կրթության, գիտության և այլ ոլորտներում համագործակցելիս, ամրապնդվել է հայ և չին ժողովուրդների բարեկամությունը, խորացել փոխադարձ ըմբռնումն ու ճանաչելիությունը:

Հայաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին՝ դիտարկելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ բազմաբնույթ փոխգործակցության զարգացումն իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում», — Սի Ծինփինին գրել է Նիրկոլ Փաշինյանը՝ երախտագիտություն հայտնելով այս տարիների ընթացքում Չինաստանի կառավարության կողմից Հայաստանի զարգացմանը ցուցաբերված աջակցության համար:

Չինաստանի վարչապետին Հայաստանի ղեկավարի հղած ուղերձում մասնավորապես ասված է․ — «Երեք տասնամյակ առաջ միջպետական հարաբերությունների հաստատումը մեր երկրներին ու ժողովուրդներին հնարավորություն տվեց բացելու նոր դարաշրջան, զարգացնելու և ամրապնդելու փոխգործակցությունն ամենատարբեր ոլորտներում՝ արձանագրելով նշանակալի ձեռքբերումներ»:

«Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների միջև ընթացող քաղաքական երկխոսությունը և մեծապես կարևորում Չինաստանի հետ գործընկերության հետագա համակողմանի, կայուն և հետևողական զարգացումն ու ընդլայնումը ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ բազմակողմ հարթակներում», — գրել է Փաշինյանը՝ շարունակելով․ — «Հայ-չինական հարաբերությունների կարևոր բաղադրիչներից է տնտեսական համագործակցությունը, որը մենք հանձնառու ենք հնարավորինս ընդլայնելու` ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր, հեռանկարային ծրագրեր: Այս առումով կարևորում ենք Հայաստանի մասնակցությունը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը, որը զարգացման նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանում»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button