
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը Sky News բրիտանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ընդունել է, որ ռուսական կողմն Ուկրաինայի պատերազմում «նշանակալից կորուստներ է կրել»:
Բրիտանացիներին տված հարցազրույցում Պեսկովն այնուամենայնիվ կորուստների վերաբերյալ թիվ չի հայտնել:
Նա ասել է, թե Ուկրաինան փոխվել է 2014 թվականի ապօրինի հեղաշրջումից հետո, դառնալով հակառուսական երկիր:
«Ինչ այնտեղ կատարվում էր՝ ուղղված էր Ռուսաստանի դեմ»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նվաստացուցիչ չէ Ռուսաստանի համար այս պատերազմում կորուստների բարձր թիվը, Պեսկովն ասել է, որ լրագրողն ունի «սխալ պատկերացում տեղի ունեցող զարգացումների մասին»:
Մարտի 25-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռազմական գործողություններում զոհվել է 1351 ռուսաստանցի զինծառայող: Ըստ Մոսկվայի, ուկրաինացիները մոտ 14 հազար մարդ են կորցրել:
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը սեփական կորուստների մասին տվյալներ չի հայտնել, բայց պնդել է, որ ռուսները 18600 մարդ են կորցրել:
Արևմտյան աղբյուրները նշում են, որ ընթացող պատերազմի պայմաններում երկու կողմերի հայտնած թվերը չի կարելի ստուգել և, հետևաբար, դրանք հնարավոր չէ արժանահավատ համարել: