
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան ասել է, թե «Մեծ քսանի» խմբում գտնվող երկրները պետք է քննարկեն Ուկրաինայի պատերազմի պայմաններում Ռուսաստանի անդամության նպատակահարմարությունը:
«Միջազգային համայնքը համարում է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան այլևս անհնարին է դարձնում նախկին հարաբերությունների պահպանումը: «Մեծ յոթնյակի» գործընկերների հետ մենք որոշել ենք, որ չի կարելի նախկինի պես Ռուսաստանի մասնակցությամբ անցկացնել բազմակողմանի հավաքներ: Ինչ վերաբերում է «Մեծ քսանին», ես կարծում եմ, որ անհրաժեշտ է հարցը քննարկել խմբում այսօր նախագահող Ինդոնեզիայի և մնացած անդամների հետ»,- ասել է Կիշիդան:
Bloomberg գործակալությունն ավելի վաղ հաղորդել է, որ Միացյալ Նահանգները ճնշում է բանեցրել Ինդոնեզիայի վրա, համոզելով այդ երկրին թույլ չտալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունն առաջիկա գագաթնաժողովին:
Ըստ Bloomberg-ի, եթե ռուսներն այնուամենայնիվ պահպանեն ժողովին մասնակցելու հնարավորությունը՝ որոշ երկրների լիդերներ պարզապես կհրաժարվեն մասնակցությունից կամ կգործուղեն ավելի ցածր մակարդակի պաշտոնայեր:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այդ կապակցությամբ ասել է, թե Պուտինի մասնակցությունն առաջիկա գագաթնաժողովին կախված կլինի ընդհանուր իրավիճակի զարգացումից:
Խոսնակի փոխանցմամբ, Մոսկվան այդ հարցում նախևառաջ հաշվի է առնելու կազմակերպիչ-պետության՝ Ինդոնեզիայի դիրքորոշումը: