Փաշինյանը Մարտի 1-ի գործով արդարացվեց

Loading...

Վճռաբեկ դատարանը բեկանեց Մարտի 1-ի գործով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2010-ին կայացված դատավճիռը․ Փաշինյանն արդարացվեց:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) դեռ հունվարին ճանաչել էր 2008-ի ընտրություններից հետո Փաշինյանի իրավունքների խախտումը։ ՄԻԵԴ-ը հունվարի 18-ին հրապարակած վճռով եզրահանգել էր, որ 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ Հայաստանի կառավարությունը խախտել է այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի իրավունքները։

Ավելի քան 11 տարի քննելով Հայաստանի դեմ ներկայացված բողոքը՝ Եվրադատարանը համարել է, որ խախտվել են Նիկոլ Փաշինյանի երկու հիմնարար՝ ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները։

Հայաստանի գլխավոր դատախազն էր փետրվարին վճռաբեկ բողոքով ներկայացրեց դատարան՝ պահանջելով բեկանել Փաշինյանի՝ Մարտի 1-ի գործով դատավճիռը և արդարացնել նրան։

2008-ի փետրվարին մայրաքաղաքում սկիզբ առած հետընտրական հավաքներում պաշտոնական արդյունքներով Սերժ Սարգսյանին պարտված առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի թիմակիցները նոր քվեարկություն էին պահանջում։ Ավելի քան տասն օր տևած հավաքներն ավարտվեցին բախումներով, ինչի հետևանքով 10 քաղաքացի զոհվեց, մի քանի տասնյակ մարդ բանտարկվեց։ Հայաստանի գործող վարչապետը այն ժամանակ Տեր- Պետրոսյանի ակտիվ աջակիցներից էր և «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 2010 թվականին Փաշինյանին մեղավոր ճանաչեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար ու նրան դատապարտեց 7 տարվա ազատազրկման: Նա նաև մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, սակայն այս դրվագով արդարացվեց: Փաշինյանը բանտում ավելի քան մեկ տարի մնաց, ապա համաներմամբ ազատ արձակվեց։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button