Կրեմլը փոխել է Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայի» հրամանատարին. BBC

Loading...

BBC ռադիոկայանի փոխանցմամբ, Կիևից ռուսական զորքի նահանջելու և պատերազմում «նշանակալից կորուստներ» կրելու պայմաններում Կրեմլը փոխել է Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայի» հրամանատարին:

Ըստ BBC-ի անանուն աղբյուրի, նոր հրամանատար է նշանակվել Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային զինտարածքի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը:

BBC-ն նշում է, որ Դվորնիկովն ունի մարտական գործողությունների կառավարման մեծ փորձ, նա ժամանակին ղեկավարել է Սիրիայում տեղակայված ռուսական ստորաբաժանումները:

Ըստ լրատվամիջոցի անանուն աղբյուրի, Ուկրաինայում ռուսական բանակի անհաջողությունների հիմնական պատճառն «Ուկրաինայում պատերազմին մասնակցող ռուսական տարբեր զինտարածքների փոխգործության վատ համակարգումն է»: Դվորնիկովի առջև դրվում է այս համակարգումն անհապաղ բարելավելու և իրավիճակը շտկելու խնդիր:

Բրիտանական ռադիոկայանի աղբյուրը հայտնել է, որ Կրեմլը բանակից պահանջում է անպայման ինչ-որ էական հաջողության հասնել մինչև մայիսի 9-ը, որը Ռուսաստանում նշում են որպես Հաղթանակի օր: Դրանով էլ բացատրվում է Ուկրաինայի հյուսիսից զորքը հանելու և Դոնբասի շուրջ կենտրոնացնելու հանգամանքը:

Անանուն աղբյուրի փոխանցմամբ, «Կրեմլի համար «հաջողություն» կարող է համարվել նաև բանակցությունների ընդունելի արդյունքը»:

Կրեմլը չի հայտնել փետրվարի 24-ին սկսված «հատուկ ռազմական գործողության» հրամանատարի անունը:

Պենտագոնի տվյալներով, Ռուսաստանն այսօր ունի հարձակումից առաջ Ուկրաինայի սահմանին մոտեցրած զինուժի 80-85 տոկոսը: Ենթադրվում է, որ այն կարող են համալրել ևս 60 հազար զինծառայողներ պահեստազորից: Կրեմլը պնդում է, որ գործողությանը մասնակցում են միայն սպաներ և պայմանագրային զինծառայողներ:

Կիևի, Չերնիգովի և Սումիի շրջաններից ռուսական բանակի հետքաշումը Կրեմլը ներկայացնում է ոչ թե որպես նահանջ, այլ «բարի կամքի դրսևորում, որը պետք է նպաստի խաղաղության բանակցություններին»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button