Պուտինը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմազատման հարցը

Loading...

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատումը սկսելու անհրաժեշտությունը:

«Զրուցակիցներն անդրադարձել են ապրիլի 6-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը և ընդգծել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարություններն ամբողջ ծավալով կատարելու անհրաժեշտությունը»,- ասվում է Կրեմլի մամլո ծառայության հրապարակած հաղորդագրությունում:

Կրեմլը նշում է, որ կողմերն ընդգծել են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմամբ զբաղվող երակողմ աշխատանքային խմբի գործունեությունն ակտիվացնելու կարևորությունը և խոսել են հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը սկսելու անհրաժեշտության մասին:

Կրեմլը նշում է, որ երկու լիդերների այսօրվա հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

Ալիևը և Պուտինը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:

Շաբաթ օրն ավելի վաղ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button