Ֆրանսիայում այսօր նախագահական ընտրություններ են

Loading...

Ֆրանսիայում այսօր նախագահական ընտրություններ են։ Ֆրանսիացիները հնարավորություն ունեն քվեարկել երկրի նախագահի 12 թեկնածուներից մեկի օգտին։

Այս տարվա նախագահական մրցավազքին մասնակցում են ինչպես «նորեկներ», այնպես էլ «փորձառու» թեկնածուներ: Առաջին փուլում առաջադրված թեկնածուների շարքում առաջատարն է համարվում գործող նախագահ Էմանյուել Մակրոնը, սակայն հարցումները ցույց են տալիս, որ նրա հիմնական մրցակցի՝ ծայրահեղ աջակողմյա Մարին Լը Պենի վարկանիշը բարձրացել է, նա ընդամենը 6 տոկոսով է զիջում Մակրոնին։ Սոցիոլոգները նշում են, որ մեծ է ընտրողների թիվը, որոնք դեռ չեն կողմնորոշվել՝ ում օգտին քվեարկել կամ համոզված չեն, թե արդյոք կգնան քվեարկության։

Թեկնածուների թվում կա չորս կին։ Ամենաերիտասարդ թեկնածուն 44 տարեկան է (Մակրոն), նախագահական մրցավազքի ամենատարեց մասնակիցը 70 տարեկան է (Մելանշոն)։ Ծայրահեղ ձախ հայացքներով թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը, հարցումների համաձայն, երրորդ վարկանիշն ունի:

Գործող նախագահի մրցակիցներից են նաև ևս մեկ ծայրահեղ աջակողմյա թեկնածու Էրիկ Զեմուրը և պահպանողական Վալերի Պեկրեսը։ Նրանք երկուսն էլ նախընտրական շրջանում այցելել էին Հայաստան, Պեկրեսը նաև Լեռնային Ղարաբաղ էր մեկնել։

Առաջին փուլում առաջադրված թեկնածուների թվում են նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, բնապահպան կանաչների թեկնածու Յաննիկ Ժադոն, վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ կոմունիստներն են մասնակցում ընտրություններին, նրանց թեկնածուն Ֆաբիեն Ռուսելն է։ Փարիզի արվարձանի դպրոցի ուսուցչուհի Նաթալի Արտոն երրորդ անգամ է առաջադրվել նախագահի թեկնածու, ինչպես նաև ավտոգործարանի նախկին աշխատակից Ֆիլիպ Պուտուն, ում պաշտպանում է հակակապիտալիստական կուսակցությունը։ Թեկնածուների այս շարքի համար սոցիոլոգները շատ ցածր տոկոսներ են կանխատեսում։

Սպասվում է, որ կեսօրից քիչ հետո կհրապարակվեն ընտրողների մասնակցության առաջին տվյալները։ Համաճարակաբանական իրավիճակի բարելավման պատճառով ընտրատեղամասերում չեղարկվել են սոցիալական հեռավորության պահպանման միջոցառումները և դիմակ կրելը։

Ֆրանսիայի նախագահն ընտրվում է համընդհանուր, ուղղակի և գաղտնի քվեարկությամբ՝ հինգ տարի ժամկետով և կարող է վերընտրվել մեկ անգամ։

Ֆրանսիայի սահմանադրության համաձայն` եթե առաջին փուլում ոչ մի թեկնածու չի ստանում բացարձակ մեծամասնություն, ապա անցկացվում է երկրորդ փուլ։ 1965 թվականին նման կանոնների ներդրումից ի վեր Ֆրանսիայում միշտ պահանջվել է երկրորդ փուլ:

Եթե բացարձակ մեծամասնությամբ թեկնածու չկա, ապա երկրորդ փուլ են անցնում ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուները։

Սպասվում է, որ երկրորդ փուլը կկայանա երկու շաբաթից՝ ապրիլի 24-ին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button